ՖԻՖԱ-ի նախագահ` Ջանի Ինֆանտինոն առաջարկել է կարմիր քարտ սահմանել այն խաղացողների համար, ովքեր դաշտում բախումների ժամանակ բերանը ծածկում են ձեռքերով կամ հագուստով։
«Նման ժեստերի դիմող խաղացողները ակնհայտորեն փորձում են թաքցնել իրենց ասածը։ Նրանք ակնհայտորեն գիտակցում են, որ ասում են անպատշաճ բան։ Երբ ինչ-որ մեկը ծածկում է իր բերանը, դա նշանակում է, որ նա թաքցնելու բան ունի։ Մենք պետք է վճռականորեն արձագանքենք՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկելով ռասիզմի դրսևորումների դեմ։ Այնուամենայնիվ, կարևոր է հաշվի առնել միջադեպի հանգամանքները։ Զգացմունքային զայրույթի վիճակում գտնվող անձը կարող է սխալ թույլ տալ, որի համար հետագայում անկեղծորեն զղջա։ Հետևաբար, մենք պետք է մտածենք հրապարակավ ներողություն խնդրողների համար պատժի մեղմացման մասին», Ինֆանտինոյի խոսքերն մեջբերում է Sky News պարբերականը:
ՖԻՖԱ-ի նախագահը առաջարկեց խտրական դիտողությունների համար որակազրկման նվազագույն ժամկետը կրճատել մինչև հինգ խաղ, եթե ֆուտբոլիստը հրապարակայնորեն խոստովանի իր մեղքը։
Պատժամիջոցը խստացնելու գաղափարի շուրջ քննարկումը ծագեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի փլեյ-օֆֆ փուլի խաղից հետո՝ պորտուգալական «Բենֆիկա»-ի և իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի միջև։ Խաղի ընթացքում «Ռեալ Մադրիդ»-ի հարձակվող Վինիսիուս Ժունիորը բողոքեց մրցավարին, որ «Բենֆիկա»-ի կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիաննին իրեն կապիկ է անվանել՝ դեմքը մարզաշապիկով ծածկելով։ Պրեստիաննին հերքեց ռասիստական վիրավորանքները, բայց խոստովանեց, որ օգտագործել է անպատշաճ լեզու։ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ավելի ուշ ժամանակավորապես որակազրկեց «Բենֆիկա»-ի խաղացողին հաջորդ խաղից։